27 սեպտեմբերի 2018 - 13:35 AMT
ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանն է ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։