28 սեպտեմբերի 2018 - 16:14 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար. ՌԴ-ն հուսով է, որ Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա ՀԱՊԿ աշխատանքի վրա

Ռուսաստանը հուսով է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա կազմակերպության գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

«Ռուսական կողմը, ինչպես ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, շահագրգռված է, որ իրավիճակը գլխավոր քարտուղարի շուրջ նվազագույն ազդեցությունն ունենա ՀԱՊԿ գործունեության արդյունավետության և համակարգվածության վրա»,-ասել է Պանկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Պանկինի, «հայկական կողմը նախաձեռնել է այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն արդեն սկսված է և իրականացվում է ՀԱՊԿ-ում գործող ընթացակարգերի շրջանակում»:

Փոխնախարարը հավելել է, որ «կազմակերպության բազմամյա գործունեության փորձը հիմք է տալիս վստահորեն նայել դեպի ապագան»: «Առջևում են մի շարք կարևորագույն միջոցառումներ, այդ թվում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ պետությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր»,-ասել է նա:

Պանկինը նշել է, որ «աշխատանքը ՀԱՊԿ-ում անխափան է ընթանում, բոլոր ընդունած որոշումներն իրականացվում են ըստ ծրագրվածի»:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։