28 սեպտեմբերի 2018 - 15:34 AMT
Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր ՀՀ այցելության հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է Դուշանբեում:

Նա նշել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր Հայաստան այցելության հեռանկարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, այլ թեմաների շուրջ են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 26-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին: «Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովում, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Դա մեկ, և հետո Մոսկվայում նախատեսվում է ԵՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի վերաբերյալ հարցում որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի հարցում, հավանաբար, միտումը դեպի գալիք տարին է»,-ասել էր Ուշակովը: