29 սեպտեմբերի 2018 - 12:19 AMT
ՀՀ-ն և Մոնղոլիան դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վերացրել են վիզային ռեժիմը

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ, որի ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը», հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորելէ տվյալ ուղղություններով գործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Կողմերը վստահություն են հայտնել, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար: