1 հոկտեմբերի 2018 - 17:12 AMT
ՀՀ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ «Որոնում-2018» զորավարժություններին

Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ:

Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Մարզումների ընթացքում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

«Որոնում-2018» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների մոտ 3 հազար զինվորական, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-5-ը Ղազախստանի տարածքում: