2 հոկտեմբերի 2018 - 11:32 AMT
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է Ազնավուրի հիշատակը

Ազգային ժողովը սկսել է հերթական նստաշրջանի աշխատանքները լռության րոպեով ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել է. «Իհարկե, մենք կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս ունեցել ենք հնարավորություն շփվելու իր հետ», հայտնում է Aysor.am-ը։

Նա նկատել է, որ ինչպես բոլորը, ինքը ևս կորցրել է ոչ միայն հռչակավոր մի անձնավորության ու հայ ազգի զավակին, այլև իր լավ բարեկամին ու գործընկերոջը։

«Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջությանը, ապագայի», - ասել է Բաբլոյանը։

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ ևմեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։