2 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT
Մոսկվացիները ծաղիկներ են դնում ՀՀ դեսպանատան մոտ

Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի բնակիչները ծաղիկներ են դնում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ ի հիշատակ ֆրանսահայ մեծ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի: Մարդիկ նաև մոմեր են վառում ի հիշատակ լեգենդար շանսոնյեի:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Շատերը ՀՀ դեսպանատան մոտ են տարել նաև մեծ երգչի լուսանկարները:

Հոկտեմբերի 3-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը ցավակցությունների մատյան կբացվի:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին: Նա նշել է, որ Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։