29 մայիսի 2008 - 20:02 AMT
Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակին
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը` «Երկրպագություն», արժանացել է Կաննի կինոփառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակին: Ժյուրիի անդամների կարծիքով, ֆիլմում կարեւոր մարդկային արժեքներ են շոշափվում, մշակութային հանդուրժողականության հարցեր: «Ես անչափ զարմացած եմ այդ մրցանակով եւ ինձ հաճելի է, որ այդ ֆիլմն արժանի գնահատական է ստացել»,- հայտարարել է Ատոմ Էգոյանը, ով նմանատիպ մրցանակ է ստացել 1997 թվականին «Հոյակապ վաղը» ֆիլմի համար, հաղորդում է jam.canoe.ca-ն:

«Երկրպագությունը» շատ անձնական ֆիլմ է: Եւ ես հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել Կանադան նման բարձր մակարդակով»,- հայտարարել է ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմի պրոդյուսեր Սիմոն Արդլի խոսքով, Ատոմ Էգոյանի աշխատանքը տարբերվում է իր մյուս աշխատանքներից: Ֆիլմում նկարահանվել է երիտասարդ դերասան Դեւոն Բոստիկը, ինչպես նաեւ Սկոտ Սպիդմենը, Ռաքել Բլանշարը, Կենետ Ուելշը եւ Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմն ստեղծվել է իրական պատմության հիման վրա:

Նշենք, որ Էկումենիկ ժյուրին (Prize of the Ecumenical Jury) ամեն տարի իր մրցանակը տալիս է այն ֆիլմին, որը մարդկային արժեքներ է քարոզում: