3 հոկտեմբերի 2018 - 16:27 AMT
ԿԱՐԾԻՔ
Մայիսին ընտրություններ անցկացնելու պնդումը կարող է Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակ հետապնդել

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ԱԺ «Հանրապետական» խմբակցության մի շարք պագամավորների՝ նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծում խորհրդարանի լուծարմանը խոչընդոտող դրույթ ավելացնելն ու հաջորդ օրը նման բովանդակությամբ այն հապճեպ ընդունելն այլևս հստակ ցույց են տալիս, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ «ժողովրդին չներկայացնող» ԱԺ-ի խմբակցությունները, բացառությամբ ԵԼՔ-ի, ցանկություն չունեն արտահերթ ընտրությունների գնալ առնվազն անցնող 2018 թվականին:

Նախագծին կողմ քվեարկած «Հանրապետական», «Հ.Յ. Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում արդեն հայտարարել են, որ արտահերթ ընտրություններին «կողմ են», բայց պայմանով, որ դրանք անցկացվեն 2019 թվականի մայիս ամսին: Նրանք պնդում են, որ ժամանակ է պետք «քաղաքական նոր իրողություններին ադապտացվելու համար»:

Արդյոք արտահերթ ընտրություններն ամեն գնով մինչև գալիք տարվա մայիս հետաձգելը պայմանավորված է հայաստանյան քաղաքական դաշտի այս հնաբնակ ուժերի՝ «ադապտացիոն պրոցեսները հաղթահարելու» անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ գալիք մայիսին կլրանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, հենց այս պահից սկսած խորհրադարանը, ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի 3-րդ կետով, կարող է անվստահություն հայտնել վարչապետին:

«Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո», - մասնավորապես ասվում է Մայր օրենքի վերոհիշյալ հոդվածում:

Նույն հոդվածի 1-ին մասով՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Այսինքն, գործող 105 հոգանոց ԱԺ-ի չլուծարվելու դեպքում, 35 պատագամվորի ձայնը բավարար է նման նախագիծ խորհրդարան բերելու համար, իսկ մեկ տարին այս ուժերի համար բավարար է վարչապետի իրենց թեկնածուին որոշելու, այնուհետև առաջադրելու համար:

115-րդ հոդվածի երկրորդ մասով, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Գործող խորհրդարանն այս կազմով անարգել կարող է «օգտվել իր սահմանադրական իրավունքից» և Փաշինյանին իշխանությունից զրկելու գործընթացը հաջողությամբ պսակել:

Նույն հոդվածով վարչապետին անվստահություն հայտնելու իրավունք ԱԺ-ն չունի՝ միայն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net