4 հոկտեմբերի 2018 - 10:01 AMT
«Կաշիդ կքերթեմ». Միհրան Պողոսյանը սպառնացել է ցուցարարներին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը սպառնացել խորհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցներին:

Նրա թիկնապահները քաշքշել են ցուցարարներին, իսկ ինքը՝ պատգամավորը սպառանացել է՝ «կաշիդ կքերթեմ»:

Միջադեպին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պատշաճ կերպով կատարված լինեին օլիգարխներին և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու հրահանգը, ապա այդ հայհոյանքները չէին հնչի, կարծում եմ, որ իրավապահ մարմինները կլրացնեն իրենց բացթողումը: Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը», - ասել է Փաշինյանը:

Միհրան Պողոսյանը, սակայն պնդում է, որ այդ ամենն ապատեղեկատվություն է, որի նպատակը «իր վարկանիշի հետ խաղալն է»:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը», - ասել է նա:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները հայհոյել են խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին: Միջադեպից հետո բերման են ենթարկվել Գրիգորյանի կողմնակիցները: