4 հոկտեմբերի 2018 - 10:49 AMT
Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերի 6-ին. Այն նվիրվում է Ազնավուրի հիշատակին

Հոկտեմբերի 6-ին արդեն 10-րդ անգամ տեղի կունենա «Արենի գինու փառատոնը»: Փառատոնն այս տարի նվիրվում է հայազգի լեգենդ, մեծանուն երգահան Շառլ Ազնավուրին:

Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:

Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:

Գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն Երիտասարդ գինեգործների միությունը գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում գյուղի ամբողջ երկայնքով տեղի և հարակից շրջան ների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, ներկայացնում են մոտ 100 տեսակի գինի, ռեստորանները, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի և այլոք:

Փառատոնի կազմակերպիչն է «Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ:

Ընթերցեք նաև.Հայաստանի գինու տոնն՝ ԱՊՀ աշնանային գաստրոիրադարձությունների առաջին եռյակում