30 մայիսի 2008 - 20:03 AMT
Բալթյան երկրների եվրաինտեգրման փորձը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Դիվանագետն ասել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Լիտվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը` նպաստելու երկու երկրների գործակցության հետագա ընդլայնմանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին, ողջունել է մեր երկրում դեսպանատուն բացելու լիտվական կողմի քայլը, եւ նշել, որ Հայաստանը եւս նման մտադրություն ունի: Նախագահը հայ-լիտվական փոխհարաբերությունները գնահատել է բարեկամական եւ գործընկերային:

Ընդգծելով երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, նա անհրաժեշտ է համարել տնտեսական գործակցության խթանումը, որը դեռեւս ցածր մակարդակի վրա է, թեեւ ներուժը բավականին մեծ է եւ համապատասխան իրավական դաշտը ձեւավորված է:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ոչ միայն երկկողմ, այլեւ` բազմակողմ համագործակցության զարգացումը, այդ թվում նաեւ` եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում: Նշելով, որ Հայաստանի համար եվրոպական ուղղությունը գերակայություն է, Նախագահն ասել է, որ Բալթյան երկրները եվրաինտեգրման լուրջ փորձ են կուտակել, ինչը մեզ համար կարող է շատ օգտակար եւ ուսանելի լինել: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ լիտվական կողմի մշտական պատրաստակամությունը` խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: