4 հոկտեմբերի 2018 - 16:39 AMT
Ուկրաինայում հայոց այբուբենին նվիրված հուշարձան է բացվել

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին:

Ուկրաինայի հայերի միության տեղեկության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:

«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորում եմ հայ մշակույթի կարևոր և վառ խորհրդանիշերից մեկի բացման արարողության առթիվ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայի տարածքում: Զապորոժիե համայնքն իր աշխատանքով բարձր նշաձող է սահմանում և այս միջոցառումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Հովակիմ Հարությունյանը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Զապորոժիեի շրջանի հայերի միության Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ: