4 հոկտեմբերի 2018 - 15:16 AMT
ՌԴ ԱԳՆ. Ողջունում ենք դրական միտումները ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանգործընթացում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին:

«Մենք ողջունում ենք այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այժմ կարևոր է զարգացնել դրանք, չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես հնչում է վերջին շրջանում»,-ասել է նա:

«Մենք մեր կողմից անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք այդ դրական միտումներին»,-ասել է Զախարովան:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են ՄԱԿ ԳՎ շրջանակում: Կողմերը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները հոկտեմբերին: