4 հոկտեմբերի 2018 - 17:13 AMT
Վարչապետը մեկնում է Փարիզ՝ Ազնավուրի հոգեհանգստին ու հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Նա աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն հոկտեմբերի 4-6-ը, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքը և հրաժեշտի արարողությունը Ֆրանսիայում տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազնավուրին կհուղարկավորեն Փարիզի արվարձանում՝ Մոնֆոր լ՛Ամորիի վանքում: Այդպիսին է եղել երգչի վերջին կամքը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ և մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։