4 հոկտեմբերի 2018 - 18:07 AMT
Ոստիկանություն. Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ուղեկիցները բերման են ենթարկվել

«Միհրան Պողոսյանն ու Ավշարի Արայիկը հայհոյում են» վերտառությամբ լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր է նախապատրաստվել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։

Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը սպառնացել խորհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցներին:Նրա թիկնապահները քաշքշել են ցուցարարներին, իսկ ինքը՝ պատգամավորը սպառանացել է՝ «կաշիդ կքերթեմ»:

Միջադեպին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: