
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել Արամ Վարդանյանը՝ հայտնի «Վստրեչի Ապեր» անունով:
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք (մարդուն առևանգելը) կատարելու մեջ:
Հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:
Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Արամ Վարդանյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն: