5 հոկտեմբերի 2018 - 11:33 AMT
Արփինե Հովհաննիսյանը դատի է տալու համացանցում իրեն հայհոյողներին

Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հետևողական է լինելու, որ քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իր վերաբերյալ վիրավորական գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ։

Նա ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին հորդորել է հեռացնել հայհոյանքներն ու սպառնալիքները՝ ուղղված իր հասցեին:

«Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչև դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», - ասել է նա:

Հովհաննիսյանը նաև հանցագործություն վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անդամների «կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքների համար»: