
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է, որ վարչապետն իր թիմակիցների ներսում պետք է փնտրի հակահեղափոխականների: Նա հավելել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականն է ասում, որ խորհրդարանական ընտրությունները կապ չունեն ներդրումների հետ։
Ծառուկյանը հավելել է, որ «ասֆալտին պառկեցնելն» է խանգարում ներդրումներին: «2-3 մեքենա է գնում, գործընկերներդ են՝ կանգնեցնում, պառկեցնում են ասֆալտին: Դա է խանգարում ներդրումներին»,-ասել է Ծառուկյանը:
«Ես 5000 ներդրող եմ բերելու Հայաստան: …Ինձ ոչ փող է պետք, ոչ պաշտոն։ Հեղափոխություն արիք պրծաք, հակահեղափոխական չկա», - ասել է ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ ինքը եղել ու կլինի Թավշյա հեղափոխության կողմնակիցը: Կուսակցության նախագահը հայտարարել է նաև, որ իր ուժը որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։