9 հոկտեմբերի 2018 - 10:38 AMT
Յուրա Մովսիսյանը լեփլեցուն տրիբունաներ է ակնկալում հոկտեմբերի 13-ի և 16-ի խաղերին

Ֆուտբոլում հաղթանակներին վերադառնալու միակ ուղին երկրպագուների աջակցությունն է: Այդ մասին հայտարարել է ազգային հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ հպարտ է միանալ իր թիմին:

«Ազգային հավաքականի կազմում 3 տարի չխաղալուց հետո, որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ, այն ամենի պատճառով, ինչ պատահեց, բայց հիմա ունենք նոր ազատ Հայաստան և իմ թիմին միանալուց առավել հպարտություն չկա:

Չեմ համբերում՝ երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ուղին: Ակնկալում եմ լեփլեցուն տրիբունաներ տեսնել հոկտեմբերի 13-ի և 16-ի մեր խաղերին: Հաղթանակներին վերադառնալու միակ ուղին երկրպագուների աջակցությունն է», - ասվում է Յուրա Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Յուրա Մովսիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Չիկագո Ֆայր» ամերիկյան ակումբում, հրավիրվել է ազգային հավաքական:Հավաքը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: