9 հոկտեմբերի 2018 - 17:05 AMT
Կանադական «Ատլաս ֆարմասյութիքալը» սննդային հավելումների արտադրություն կհիմնի ՀՀ-ում

Կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Բիզնես Արմենիայի աջակցությամբ 1,2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։

Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում:

Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդորայքի արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի մոտ 30 աշխատատեղ։

Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։ «Մեր թիմն ամենօրյա աշխատանքով խթանում է և ուրախ ենք, որ գործարար պայմանավորվածություններն աստիճանաբար փաստաթղթերի ու ներդրումների են վերածվում։ Կոնկրետ այս ներդրումն էլ Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում է Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմը:

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում և կարտահանվի ԵՏՄ երկրներ»,- նշել է «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանը։

«2017-ին «Ատլաս ֆարմասյութիքալը» ձեռք է բերել «Քյու ֆարմ» ընկերությունը, ընդարձակել հետազոտական բաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որԱրարատի մարզի Մասիս քաղաքում բուսական յուղերի գործարան կկառուցվի: Նոր արտադրությունը հիմնադրվում է Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով: Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։