9 հոկտեմբերի 2018 - 17:35 AMT
Շարմազանովը՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին. Պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Անթալիայում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովին ասել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների «20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին», հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրոք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան MSM Martin ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ և անընդունելի:«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: