10 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT
Միլսն՝ Ամուլսարի մասին. Կարևոր է, որ գործադիրը ճիշտ ազդակներ ուղարկի ներդրողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնի Ամուլսարի ծրագրի հետ կապված: Իր հրաժեշտի զեկույցում Միլսը նշել է, որ ծրագրի ապագան պետք է տնօրինվի իրավունքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն, հայտնում է «Երկիր Մեդիան»:

Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ կան օտարերկյա ներդրողներ, որոնք ուզում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում: «Կարևոր է, որ Հայաստանի կառավարության կողմից ճիշտ ազդակներ գնան դեպի այդ ներդրողները»,- ասել է նա:

«Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի անգլոամերիկյան ներդրում է Հայաստանում: Շուրջ կես միլիարդ դոլար ներդրում, նշանակալի տնտեսական օգուտներ շրջապատող համայնքներում: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,- ընդգծել է դեսպանը՝ ափսոսանք հայտնելով, որ աշխատանքներն այդ հանքավայրում արդեն չորս ամիս է ամբողջովին դադարեցված են՝ չնայած այն հանգամանքին, որ չկա Հայաստանի բնապահպանական օրենքների խախտում, չկա որևէ հիմնավորում կոռուպցիոն դրսևորումների մասին:

Միլսը հայտարարել է նաև Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավելի է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից:

Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին: