11 հոկտեմբերի 2018 - 16:23 AMT
ՀՀ նախագահը հայտարարություն կանի վիճահարույց օրենքի վերաբերյալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մոտ օրերս հայտարարություն կանի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մասին:

Նա չի ցանկացել պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի օրենքը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։ ՀՀ նախագահը ընդգծել է՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասել է Արմեն Սարգսյանը։

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ Հրավիրած արտահերթ նիստից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։