12 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT
Բոլթոնը կայցելի ՀՀ ՝ ԱՄՆ շահերն «անվտանգության ոլորտում առաջ մղելու նպատակով»

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այդ մասին բարձրաստիճան պաշտոնյան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,-ասվում է Բոլթոնի գրառման մեջ:

Բոլթոնը պահպանողական դիվանագետ է համարվում, 2015-ին նա կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Բոլթոնը նշանակվել է 2018-ի ապրիլին: