15 հոկտեմբերի 2018 - 15:12 AMT
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ. ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում

ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, որին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:

Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը:

Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեք: Կառավարության ղեկավարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետևողական աշխատանքների և տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել բարեփոխումների գործընթացում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,-ասվում է Բոլթոնի գրառման մեջ: