15 հոկտեմբերի 2018 - 15:25 AMT
Արտակ Բեգլարյանին առաջադրել են Արցախի ՄԻՊ պաշտոնում

Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին: Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:

Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները, խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:

«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության»,- ասել է Թովմասյանը:

Խմբակցության անդամները ողջունել են Բեգլարյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների աշտպանի թեկնածու, հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել: Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մայիսի 5-ին: Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ որոշումը կայացրել է ամիսներ առաջ: «Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը։