16 հոկտեմբերի 2018 - 12:03 AMT
Վարչապետ. Կառավարությունում կան չաշխատող, մյուսներին էլ աշխատել չթողնող կադրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացմանն ու կադրային փոփոխություններին, նշել է, որ, ըստ էության, համակարգի ավելի քան 90%-ն աշխատել են նախկին իշխանությունների օրոք:

«Մեր եզրակացությունն այն չէ, որ այդ 90%-ին պետք է փոխարինել ուրիշներով, բայց մեր եզրակացությունն այն էլ չէ, որ նրանց մեծ մասը պետք է շարունակի աշխատել, հատկապես այն պարագայում, երբ նրանց մեծ մասը ակնհայտորեն դրսևորվում է չաշխատելու ցանկություն: Ավելին՝ կան նաև այնպիսինները, որոնք չեն ուզում, որ մյուսներն էլ աշխատեն», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կան նույնիսկ այսպիսնները կառավարությունում, որ սաբոտաժ են ստեղծում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշման նախագծին, ասել է, որ «շատ կարևոր է՝ Թավշյա հեղափոխությունից հետո որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում»:

Պողոսյանը նիստում նշանակվել է Սյունիքի մարզպետ։ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: