17 հոկտեմբերի 2018 - 12:19 AMT
Վերջին 3 օրում Թուրքիայի հետ սահմանին 6 սահմանախախտ է հայտնաբերվել

Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 16-ի գիշերը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ըստ սահմանախախտների մտահղացման, նրանք մտադիր էին գիշերային ժամերիին քողարկված մոտենալ Արաքս գետին և կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հերթական անգամ կասեցվել է հայ-թուրքական սահմանը խախտելու փորձը:

Ըստ նախնական տվյալների, ձերբակալվածները Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու մոտիվները կպարզեն համապատասխան մարմինները: Ոճրագործները կհանձնվեն ՀՀ իրավապահ մարմիններին: Սահմանախախտները 4-ն են եղել:

Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Վերջին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել:

Հոկտեմբերի 15-ին և 14-ին սահմանն ապօրինի հատելով, փորձել էին խորանալ ՀՀ տարածք 1 Թուրքիայի քաղաքացի և 1 Իրանի քաղաքացի:

Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի կողմից ձերբակալված Թուրքիայի քաղաքացին, ինչպես պարզվեց ավելի ուշ, ազգությամբ քուրդ է: Ըստ նախնական տվյալների սահմանախախտը փորձել է Հայաստանում թաքնվել Թուրքիայի իրավապահ մարմիններից՝ նա ծանր հանցագործություններ է կատարել: