17 հոկտեմբերի 2018 - 16:54 AMT
ՀՀ-ն 2 կետով բարելավել է դիրքերը մրցունակություն համաշխարհային վարկանիշում

Հայաստանը 140 երկրի շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) հրապարակած «Մրցունակություն համաշխարհային ինդեքս - 2018» վարկանիշում՝ 2017 թվականի համեմատ բարելավելով իր դիրքը 2 կետով:

Վարկանիշը կազմվում է՝ հիմնվելով 12 հիմնական չափորոշիչի՝ պետական կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական ցուցանիշների, առողջապահության, կրթության ոլորտների, աշխատաշուկայի վրա և այլն: Հայաստանն առաջընթաց է գրանցել 12 ուղղությունից 11-ում, հետընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրում:

Վարկանիշում Հայաստանը շարունակում է հետ մնալ հարևան երկրներից՝ մասնավորապես Ադրբեջանից, որն աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը, և Վրաստանից՝ 66-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը, Գերմանիան, Շվեյցարիան, Ճապոնիան: