18 հոկտեմբերի 2018 - 17:54 AMT
Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապ է հաստատվել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողների հարցին՝ այսինքն հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի՞ ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դրական, սակայն նշել, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու:

«Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ «այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնության արդյունքն է»։