19 հոկտեմբերի 2018 - 12:31 AMT
ՀՀ-ն 1 մլն շիշ հայկական նռան գինի կարտահանի Չինաստան

Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրել են գործակցության հուշագիր, որի շրջանակում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Չինական շուկա ենք մտնում նաև մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետևաբար նաև ներդրումների ու արտադրության ծավալները»,- ասել է Զարուհի Մուրադյանը:

Չինական կողմը ևս մեծապես կարևորում է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի և այս հուշագիրը նաև հնարավորություն է՝ հետագայում մեծացնելու դեպի Չինաստան արտահանվող հայկական գինիների թե՛ ծավալները, թե՛ տեսականին»,- նշել է Յոնգ ան Չուն:

Չինական շուկային հայկական գինեգործությունը առաջին անգամ ներկայացել է 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել են ProWine China 2017 ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվել են արտահանման մի շարք պայմանագրեր: