22 հոկտեմբերի 2018 - 16:30 AMT
ԱԳՆ. ՀՀ գործընկերները պետք է ձեռնպահ մնան տարածաշրջանում անկայունությունն ավելացնելուց

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներին, մտքեր փոխանակել հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը: Այս առումով նա կարևորել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, ՖՄԿ Երևանի գագաթնաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել էր, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։