22 հոկտեմբերի 2018 - 16:53 AMT
ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը: Ըստ ֆեդերացիայի հայտարարության, վերջին շրջանում, հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելու հետ կապված, նկատվում է երևույթ, որը ՀՖՖ-ն համարում է անընդունելի՝ ռուսախոս մարզիչների խոսքը չի թարգմանվում:

«Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել օրենքը»-,ասվում է հայտարարության մեջ:

Ֆեդերացիան հորդորում է ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ: