22 հոկտեմբերի 2018 - 18:22 AMT
Փաշինյան. ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընտրական օրենսգրքի նոր նախագծի քվեարկության տապալմանը, նշել է, որ «սա ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների ՀՀ-ն չի կարողանալու որևէ քայլ անել»:

«Առաջարկվող փոփոխություններն ԸՕ-ն ավելի ժողովրդավարական դարձնելու նպատակ ուներ: Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դասավորությունը, և որ ՀՀԿ-ն փորձում է սաբոտաժի ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: ՀՀԿ-ի՝ ԸՕ-ն չընդունելն ապացուցեց՝ առաջին օրից աշխատում ենք սաբոտաժի պայմաններում», - ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, եթե նույնիսկ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, դա «որևէ բան չի փոխի, քանի որ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է և վարադարձ անցյալին չի լինելու»:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։