6 հունիսի 2008 - 17:58 AMT
Իրանը չի կարող միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում
Իրանի Իսլամական հանրապետությունը չի կարող միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Իրանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին պարզապես անհնարին է: «Իրանը չի հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Ավելին, նա շատ խնդրահարույց հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: ԻԻՀ փոխնախարարի նման հայտարարությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որ երկրում է նա դա ասել, եւ ինչու»,- ընդգծել է Իսկանդարյանը:

«Իրանը միջնորդ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սակայն, ցավոք, կողմանկի ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը: Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկություն լինի, նրա երկիրը պատրաստ է կրկին միջնորդական առաքելություն ստանձնել հակամարտության կարգավորման գործում: «Թեեւ ես բավարար չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս բանակցություններին այդ շրջանակներում»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը: