24 հոկտեմբերի 2018 - 11:06 AMT
Փաշինյան. Նախկինները բանտերում դիտմամբ էին քնելու տեղի խնդիր ստեղծել՝ գումար աշխատելու համար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ նախկին իշխանությունները քրեակատարողական հիմնարկներում դիտավորյալ են կենցաղային վատ պայմաններ ստեղծել կալանավորների համար:

Անդրադառնալով կալանվորների համար ոչ բավարար թվով մահճակալների և «հերթով քնելու» խնդրին, Փաշինյանն ասել է, որ դրանով նախկինները գումար են աշխատել:

«Քնելու տեղ ունենալը որոշվում էր նրանով, թե որ կալանավորն է իրեն «ճիշտ պահել» ընտրությունների ընթացքում, որ կալանավորն է ծառայել «ճշտի իշխանությանը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՔԿՀ-ները ՀՀ-ում ամենախոշոր բիզնեսն են եղել:

Ըստ Փաշինյանի, կալանավորի ՔԿՀ մտնելու պահից մինչև դուրս գալը, համակարգը գումար է աշխատում նրանց հաշվին:

«Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն: Նախորդ իշխանությանը ձեռք էր տալիս կալանվորների մեծ քանակը, որքան շատ լինեին, այնքան իրենք շատ գումար կվաստակեին», - եզրափակել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ-ում 1 կալանավոր պահելը ծրագրավորող կրթելուց թանկ է. Որքան է ծախսվում կալանավորների վրա»:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ բոլոր կալանավորները ապահովվել են մահճակալներով, և այլև «հերթով քնելու» խնդիր գոյություն չունի: