ՀՀԿ-ն պայմանավորվածություններ չի խախտում, Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ պատգամավորն ասել է. «Քանի որ այն ձևական բնույթ է կրում, չէր կարող ծրագրային լինել», հայտնում է Panorama.am-ը:
Խոսելով Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, ՀՀԿ-ն ընտրվելու նվազ հնարավորություններ ունի, պատգամավորը նշել է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»:
Դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում՝ նա հարցով է պատասխանել. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»:
Հոկտեմբերի 24-ին մեկնարկել է ԱԺ նիստը. գրանցվել է 61 պատգամավոր:Նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը. միակ թեկնածուին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը:
Համաձայն Նիկոլ Փաշինյանի ծրագրի, խորհրդարանը երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրի, որից հետո ԱԺ-ն օրենքի ուժով կարձակվի. դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: