24 հոկտեմբերի 2018 - 14:50 AMT
2019-ին Փարիզում բարեգործական մեծ համերգ կլինի՝ նվիրված Ազնավուրին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պայմանավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ, նվիրվածՇառլ Ազնավուրի հիշատակին: Այդ մասինՀՀ նախագահը հայտարարել է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել:

Նա ասել է, որ համերգն, «ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին» կլինի: «Բազմաթիվ երգիչներ և դերասաններ կլինեն»,-ասել է նա՝ հիշելով, որ Էմանուել և Բրիջիտ Մակրոնների հետ Երևանում Ազնավուր են երգել:

«Ես և Էմանուել Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի թանգարան և կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուել Մակրոնին մեկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի: Հուսով եմ, որ այդ համերգը կլինի 2019 թվականի հոկտեմբերին: Այն պետք է լինի բարեգործական համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խոսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիվ կլինի իրենց արվեստը ներկայացնել այդ համերգին»:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ֆրանոկֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ ստորագրվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայում ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն ստեղծելու մասին մտադրությունների հայտարարությունը։