24 հոկտեմբերի 2018 - 16:50 AMT
Հայտնի գրող Անտոնիա Արսլանն Արցախում է

«Արտույտների ագարակը» գրքի հեղինակ, հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանն Արցախում է:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Անտոնիա Արսլանին և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարԼեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելություններն Արցախ դարձել են պարբերական, ինչը կարևոր է հայագիտական հետազոտությունների և գիտական ոլորտում Արցախի ու տարբեր երկրների փոխգործակցության խորացման տեսանկյունից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

2017-ի սեպտեմբերին Արցախ այցի ժամանակ հայտնի գրողը հայտարարել էր, որ պատրաստվում է Արցախի մասին գիրք գրել:

Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին, իմանալով իր հայկական արմատների մասին, Արսլանը 2004-ին գրել է իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: