24 հոկտեմբերի 2018 - 17:43 AMT
Ստրասբուրգում ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստն էր

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նիստը նախագահել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանը և Սաջադ Քարիմը:

Նիստում Արմեն Աշոտյանը որպես պատմական իրադարձություն է որակել նոր ձևաչափում գործընկերության ծավալման մեկնարկը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հիմքերը Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև խորհրդարանական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև ավելի շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:

Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը:

Խորհրդարանական գործընկերության ավելի ընդլայնված ձևաչափն Ազգային ժողովին ընձեռում է հնարավորություն՝ մշակելու և կիրառելու անհրաժեշտ մեխանիզմներ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման և ներգրավվածության համար, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Մեծ Բրիտանիան և Լյուքսեմբուրգը: Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: