25 հոկտեմբերի 2018 - 13:03 AMT
Հաջիև. ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը երկրների ղեկավարներից ցածր մակարդակով է

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե պետությունների ղեկավարների, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում, հայտնում է Trend.az-ը:

Նրա խոսքով, կապն օգտագործվում է օպերատիվ դեպքերում:

«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության կողմեր են, բանակցում են կարգավորման շուրջ, և նման շփումները նորմալ են», - ասել է Հաջիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: