25 հոկտեմբերի 2018 - 13:54 AMT
Արցախի նախկին պետնախարարն առաջին էլեկտրամոբիլը կներկրի ԱՀ

Ժամանակն է, որ Արցախում անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ ստեղծվեն էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու համար՝ հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և Արցախում առկա էներգետիկ հնարավորությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնել է, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում է նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն ծրագրային օրակարգում:

«Կարծում եմ, որ ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից: Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաև ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարևորություն ունենալ»,-ասվում է գրառման մեջ:

Որպես օրինակ Հարությունյանը նշել է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարեց կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից, եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար:

Ավելի վաղ Թրղե և Լև գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն Արցախի Հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը: