25 հոկտեմբերի 2018 - 18:18 AMT
ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվել է համաներման նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանել է համաներման նախագիծը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:

Ընթերցեք նաև՝ «Ում վրա է տարածվելու համաներումը»:

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել համաներում հայտարարելու մասին օրինագիծը։ ԱԺ-ն այն հայտարարելու է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի։

Օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։