26 հոկտեմբերի 2018 - 11:35 AMT
Չինաստանում կինը ներխուժել է մանկապարտեզ և 14 երեխայի դանակահարել

Խոհանոցային դանակով զինված կինը հոկտեմբերի 26-ի առավոտյան Չինաստանի հարավարևմտյան Չունցին քաղաքում հարձակվել է մանկապարտեզի սաների վրա: Ըստ տեղի ոստիկանության, տուժել է 14 երեխա:

Հարձակումը տեղի է ունեցել Բանան թաղամասի նախակրթական հաստատության դարպասի մոտ, երբ երեխաները վերադառնալիս են եղել առավոտյան մարզանքից: Մանկապարտեզի անվտանգության աշխատակիցներին և մյուս աշխատողներին հաջողվել է կասեցնել 39-ամյա կնոջ գործողությունները: Քիչ ավելի ուշ ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրան, գրում է ՏԱՍՍ-ը:

Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տվյալներ դեռևս չկան:

Հայտնի չէ նաև, թե ինչն է դրդել կնոջը նման գործողությունների: Միջադեպը հետաքննվում է: