26 հոկտեմբերի 2018 - 11:02 AMT
Թեթև արդյունաբերության ոլորտն 9 ամսում աճել է 30%-ով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ՀՀ վարչապետի տպաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ երկրում 2018-ի 9 ամսում թեթև արդյունաբերության ոլորտում արձանագրել է մոտ 30% արդյունաբերական արտադրանքի աճ 2017-ի համեմատ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017-ի նույն ժամանակահատվածի արտադրանքին. դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում:

2018-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, որը բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8% ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5% աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4% ծրագրված 5%-ի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6%՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1%՝ ծրագրված 8%-ի փոխարեն: