26 հոկտեմբերի 2018 - 15:37 AMT
Stratfor. ԱՄՆ-ն ՌԴ-ի ամենամոտ դաշնակից ՀՀ-ին «սիրահետելու» ակնհայտ փորձ արեց

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հարավային Կովկասի երկրներ այցին:

Նշվում է, որ տարածաշրջանը կարևոր էներգետիկ միջանցք է Ռուսաստանի, Արևմուտքի և Մերձավոր Արևելքի միջև, և «պատահական չէ, որ բազմաթիվ արտաքին ուժեր ձգտում են ազդեցություն ունենալ այստեղ»:

«Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը համեմատաբար հանդարտ վերաբերմունք է ունեցել այս տարածաշրջանի նկատմամբ, սակայն մի շարք գործոններով պայմանավորված այն հայտնվեց Վաշինգթոնի տեսադաշտում՝ Իրանի հետ սրվող առճակատման պայմաններում», - գրում է կենտրոնը՝ հավելելով, որ և Ադրբեջանի, և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը Բոլթոնը խոսել է Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին:

Ըստ կենտրոնի, որ Ադրբեջանը կարող է այս հարցում կարևոր դերակատար լինել՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն առանձանապես հարթ հարաբերություններ չունի Թեհրանի հետ:

Վերլուծության մեջ շեշտվում է՝ Ռուսաստանը տարածաշրջանի ամենախոշոր արատաքին դերակատարն է: Միաժամանակ, անդրադարձ է կատարվում Բոլթոնի՝ ՀՀ-ին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը:

«ՌԴ-ի և ՀՀ-ի միջև եղած լարվածությունը հազիվ թե երկրների միջև ռազմավարական կապերի խզման պատճառ դառնա, և Երևանը կառերեսվի մի շարք արգելքներեր, եթե որոշեր սեփական անվտանգության հարցերը պայմանավորել Վաշինգթոնի հետ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ՌԴ-ի ամենամոտ դաշնակցին «սիրահետելու» ակնհայտ փորձ արեց՝ հավանաբար, երկու երկրի միջև (ՌԴ-ի և ՀՀ-ի միջև-խմբ.) հարաբերությունների հնարավոր վատթարումից օգուտներ քաղելու մտադրությամբ», - նշվում է վերլուծության մեջ:

Նշվում է, որ նման պայմաններում, Հարավային Կովկասը, ըստ երևույթին, դառնալու է ավելի կարևոր գործոն Վաշինգթոնի համար՝ հատկապես, երբ տարածաշրջանը կարող է ազդել ՌԴ-ի և Իրանի հետ ԱՄՆ-ի վեճերի վրա:

Հայաստանում այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», - ասել է նա: