29 հոկտեմբերի 2018 - 12:38 AMT
Քոչարյան. Առաջիկա ընտրությունները բեկումնային են լինելու Հայաստանի համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բեկումնային են լինելու Հայաստանի համար:

Հարցազրույցում նա խոսել է այն մասին թե ինչպես է վերադառնալու քաղաքականություն, ինչ զարգացումներ են սպսավում Հայաստանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակից հետո, անդրադարձել է նաև այլ հարցերի:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և խորհրդարանում նրան չընտրելու մասին՝ Քոչարյանն ասել է, որ չէր կասկածում, որ «այդ ներկայացումը կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ»։ «Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չդրսևորեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Պարզ է, որ խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ուստի արդյունքները լիովին կանխատեսելի են»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք առաջիկա ընտրությունները վերջ կդնեն անկայունությանը՝ Քոչարյանն ասել է, որ սա անկասկած, բեկումնային պահ է։ «ՀՀ վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, որի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ իշխելու է կուսակցական մի միավոր, որտեղ դոմինանտ է լինելու մեկ մարդ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի»,-ասել է նա:

Քոչարյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է: Ցանկացած հոգաբնա ձեզ կասի, որ չի կարելի է լուրջ որոշումներ կայացնել հուզական վիճակում: «Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի մեջ է ւ ոպտրատս էչէ առարկայական բանավեճի, իսկ դա նշանակում է, որ սխալ որոշումների կայացման հավանականությունը կտրուկ աճում է»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Գնահատելով ապրիլյան իրադարձությունները՝ Քոչարյանն ասել է, որ ապրիլին մարդկանց ջանքերն ուղղված էին գործող իշխանության դեմ, հենց դա էր միավորող տարրը: Սակայն, ըստ նրա, հետագայում նույն այդ զանգվածը դարձավ նոր իշխանությունների եռանդուն պաշտպանը, քանի որ համարում է այն իր ջանքերի արդյունքը: «Դա օբյեկտիվ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,-ասել է Քոչարյանը:

Խոսելով միաբևեռ խորհրդարանի վտանգների և անկայունության նախադրյալի առաջացման մասին՝ Քոչարյանն ասել է, որ լիակատար իշխանությունը ենթադրում է նաև ամբողջական պատասխանատվություւն: «Դա դրական կողմն է, քանի որ անհաջողությունների համար արդեն անհնար կլինի այլոց մեղադրել: Այսօր տարածված «հակահեղափոխություն» և «սաբոտաժ» բառերը կկորցնեն իրենց հասցեատերերին: Գուցե, այն ժամանակ իշխանությունները վերջապես զբաղվեն տնտեսությամբ...Իսկ բացասականն այն է, որ կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, իսկ դա լավ բան չի բերի երկրին: Որպես կանոն, նման մենաշնորհն ի վերջո բերում է լճացման և իշխանության այլասերման, որքան էլ այն հեղափոխական լինի: Երկրում կդադարի գործել կշիռների ու հակակշիռների համակարգը, որը շատ կարևոր է իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության տեսակետից»,-ասել է նա:

Խոսելով այն մասին, թե Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ անհատ քաղաքական գործիչներ, որոնք կարող են քանդել այդ մենաշնորը, ընդդիմության դերը ստանձնելով՝ Քոչարյանն ասել է. «Դա կախված է այն բանից, թե որքանով ակտիվորեն ու արհեստավարժ նրանք կկատարեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ լինելու է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, բացվելու են մեծ հնարավորություններ ինքնաիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության առաջատարը, կախված կլինի նրանից, թե ինչպես ապագա ընդդիմությունն իրեն կդրսևորի»:

Պատասխանելով այն հարցին, թե տեսնում է արդյոք իրեն այդ դերում՝ Քոչարյանն ասել է. «Մտածում եմ այդ մասին»։

Անդրադառնալով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը գլխավոր ընդդիմությունը՝ ՀՀ երկրորդ նախագահն ասել է. «Հիմքեր ունեմ Հայաստանի ապագայի մասին լրջորեն անհանգստանալու համար։ Դա ինձ դրդում է ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա։ Թե ինչքանով ինձ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, իմ անցյալը, ներկան և ունեցած փորձն ինձ թույլ են տալիս էական դեր խաղալ հայաստանյան քաղաքականության մեջ»։