29 հոկտեմբերի 2018 - 18:36 AMT
Aj Jazeera. Ինչու են ֆիլիպինցիները սիրահարվում Հայաստանին

Արաբական Al Jazeera-ն անդրադարձել է Պարսից ծոցի ավազանի արաբական երկրներում աշխատող ֆիլիպինցիներին, որոնք «սիրահարվել են» Հայաստանին:

Նրանցից մեկը՝ 29-ամյա Էդվարդը Րիգորը, պատմել է լրատվամիջոցին Հայաստան իր առաջին այցելության և երկրի գրավչությունների մասին: Նա ամեն տարի այցելում է Հայաստան:

Ըստ Րիգորի, Հայաստան այցելող ֆիլիպինցիներն աշխատում են հիմնականում արաբական մի շարք երկրներում՝ Քաթար, Բահրեյն, ԱՄԷ, Քուվեյթ և այլն: Նրանց հոսքն ակտիվանում է հատկապես դեկտեմբեր ամսին, քանի որ ցանկանում են վայելել ամանորյա շրջանը և ձմեռը: Ամենապահանջված ուղղություններից է Արագած լեռը:

Համաձայն Ծոցի երկրների օրենսդրության, ֆիլիպինցիները աշխատանքայիրն վիզան թարմացնելու նպատակով պետք է հատեն երկրի սահմանը: Շատ ֆիլիպինցիներ նախընտրում են ոչ թե հատել սահմանը և նույն օրը վերադառնալ երկիր, այլ ուղևորվել տարածաշրջանի որևէ երկիր:

Նշվում է, որ Հայաստանն ամենաէժան ուղղությունների մեկն է. հետադարձով ավիատոմսի արժեքը սկսվում է մոտ $300-ից: Հայաստանը հատկապես գրավիչ է հավատացյալ ֆիլիպինցիների համար, որոնք հնարավորություն են ունենում այցելել հայկական վանքեր:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն Al Jazeera-ին հայտնել է, որ 2014 թվականից Հայաստան այցելած ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվը 674-ից 2017 թվականին աճել է 22,000-ի: Համաձայն Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալների, վերջին մի քանի տարում Հայաստանում մշտական բնակություն է հաստատել առնվազն 300 ֆիլիպինցի: Նշվում է, որ «Երևանում ֆիլիպինցիների համայնք» անունով ֆեյսբուքյան խումբն ունի 1300 անդամ:

Photo by Megan Iacobini de Fazio / Al Jazeera