1 նոյեմբերի 2018 - 13:32 AMT
Փաշինյան. Բոլթոնին ասել եմ՝ Իրանի հետ ՀՀ-ի հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական ազդեցությունից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները պետք է վեր լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից:

«Մեր այս դիրքորոշումը ԱՄՆ-ի պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի», - ասել է Փաշինյանը՝ հորդորելով չվերագրել որևէ այլ երկրի պաշտոնյայի հայտարարություն ՀՀ կառավարությանը, քանի դեռ դրա հեղինակը կառավարությունը չէ:

Ավելի վաղ Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել:

Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»: